Առայժմ պարզ չէ, թե վերջնականապես ինչպիսին կլինի քաղաքական աշունը, որովհետև մինչ աշնան ավարտը դեռ երկու ամիս կա, բայց, վստահորեն կարելի է ասել՝ աշնան առաջին ամիսը իսկ և իսկ պարգև է հայ գյուղացու համար: Սեպտեմբերյան արևը նույնիսկ ավելի տաք էր, քան ամռանը: Դաշտերում առատորեն աճած խաղողի ողկույզների հատիկները քաղցրանում են և հույս են ներշնչում գյուղացուն, որ այս տարվա միակ հաջող բերքը գոնե փոքր -ինչ եկամուտ կապահովի նրան, թե չէ մթերողները ամեն պատեհ առիթով մատնանշում են խաղողի շաքարայնության պակասը և …. գին գցում, ընդհուպ մեկ կիլոգրամը 100 դրամ: Ասենք, սա նոր երևույթ չէ: Երբ տարիներ առաջ դարձյալ խաղողի առատ բերք էր, մթերողները, անշուշտ, կառավարության անտարբեր հայացքի ներքո հասան նրան, որ խաղողը սկսեցին մթերել մեկ կիլոգրամը 40 դրամով: Դե այսօր նոր Հայաստան է, հարյուր դրամը 40 դրամի նկատմամբ երկուսուկես անգամ շատ է: Պողոսները կարող են ուրախանալ, որ այդ կուլտուրայի մշակման գծով իրենց եկամուտները 2.5 անգամ շատացել են: Անշուշտ, կարևոր չէ, որ մնացած բնագավառներում կյանքը անհամեմատ թանկացել է: Իսկ կյանքը թանկացել է նաև քաղաքական բնագավառում: «Բարձրացել» է նաև քաղաքական գործիչների փոխադարձ իրար նշավակելու, օգտագործվող բառամթերքի նիշը: Անգամ կարելի է ասել, իրար նկատմամբ ավելի թունդ տերմիններ են օգտագործում, քան…. «էլ գող փիսո», «էլ քաչալ շունն» էր: Նման հարցերի լուսաբանման համար անհրաժեշտ է անաչառ և բարեխիղճ մոտեցում:
Իմքայլականների պարագլուխ Նիկոլը վստահ էր, որ չկա իր թիմին մրցակից որևէ քաղաքական ուժ, որ կարող է հավակնել կառավարություն կազմելուն: ՀՅԴ-ն հայտնի ուժերի հետ նախապատրաստվում է հոկտեմբերյան հանրահավաքին, ՀՀԿ-ից Շարմազանովը, Աշոտյանը, Միհրան Հակոբյանն են «կրակում» ֆեյսբուքում ու լրատվամիջոցներում։ Ճիշտ է, կուսակցության լիդերը մամուլի ասուլիս տվեց, ասաց, ինչ պետք էր, բայց նրա խոսքն ավելի շատ քաղաքական դաշտից վերջնականապես հեռացողի տպավորություն թողեց: Ազգային ժողովում իրեն որպես ընդդիմություն է փորձում մատուցել ԼՀԿ-ն, բայց ոչ նրա լիդերը, ոչ էլ այդ կուսակցությունը չունեն մեր օրերի քաղաքական գործչին բնորոշ երկու որակները` շանտաժ ճիշտ տեղին ու ժամանակին և խոր փիլիսոփայական գաղափարներ:
Ռոբերտ Քոչարյանը դեռևս ուժ չէ, նրանից թերևս շատ ժամանակ կպահանջվի մաքրվելու բամբասանքի արդյունքում իր վրա նետված ահավոր կեղտից: Վանեցյանը քաղաքական լուրջ դեմք դառնալու ճանապարհին է: Միակ ուժը, որն ունի անհրաժեշտ նյութական և քաղաքական կապիտալ, որ կարող է ձեռնոց նետել Նիկոլի «լուսավոր» մտքերին, ԲՀԿ-ն է: Հանուն ճշմարտության նշեմ, որ նրա լիդերին` որպես անհատի, պակասում են քաղաքական գործչին հատուկ հռետորական արվեստը և խորը գաղափարական պատրաստվածությունը: նա ժողովրդի որոշակի շերտերի մեջ հեղինակություն է վայելում շնորհիվ իր բարեգործական ծրագրերի: Բայց նա այսօրվա իր հեղինակությանը հասել է մաքառումով, տարիներ շարունակ փորձելով իր վրայից մաքրել երիտասարդ տարիներին անփութորեն մսխած պատիվն ու արժանապատվությունը: Այն ժամանակ նրան հասու չի եղել ժողովրդական հայտնի խոսքը՝ պատիվդ պահիր երիտասարդ տարիներից:
Այսօր, երկրի վարչապետը զգալով, որ պաշտոնից իր հնարավոր հեռացումը կարող է բխել ԲՀԿ լիդերից, սկսել է անբարո բոլոր ձևերով պայքարել Գագիկ Ծառուկյանի դեմ, մի բան, որ հաջող է ստացվել Նիկոլ Փաշինյանի` որպես մարդու, անհատի, քաղաքական գործչի կյանքում: Նա դեռ էն գլխից է նշավակել Ծառուկյանին: Այսօր չեմ կարող ասել Ծառուկյանը Նիկոլին, որպես ոչ լիարժեք սնված մարդու, երբևէ մուծվե՞լ է, թե՞ ոչ, այսինքն` ժամանակին տեղիք տվե՞լ է նրա շանտաժներին, թե՞ ոչ: Անշուշտ, հարցը խրթին է, և հարցիս պատասխանը գիտեն միայն իրենք՝ երկուսը:
Այսօր Նիկոլին պաշտոնից հեռացնել ձգտող քաղաքական բոլոր ուժերը հսկա օվկիանոսում մանր չերևացող կղզյակներ են, որոնք մի օրով դուրս են գալիս ջրի երես և հաջորդ օրը չեն երևում բարձրացող ջրի քանակի տակ: Միակ, այս կամ այն իմաստով, կարող ուժը մնում է Գագիկ Ծառուկյանը, որը տիրապետում է ահռելի կապիտալի, ինչն անհրաժեշտ է քաղաքական պայքարի համար։ Բացի այդ, խորհրդանական երկրորդ ուժն է և տարիների ընթացքում կուտակված կապիտալի հաշվին ունի նաև քաղաքական կապիտալ: Նրա քաղաքական կապիտալը կարող է պրոգրեսիվ ձևով աճել զգալի թիվ կազմող պողոսների հաշվին, որոնք նիկոլյան երկուսուկես տարիների կառավարումից բացարձակ որևէ արդյունք չեն տեսել: Ճիշտ է, պողոսների մոտ գերակշռում է ոչ թե գիտակցական, այլ զգայական ճանաչողությունը. նա «տեսնում» է Նիկոլի կատարած «աշխատանքները»։ Նկատի ունեմ ո՛չ ոչ թե ասֆալտին փռելը, այլ ասֆալտ անելը: Բայց ձմռանը սառն ասֆալտը ոչ պողոսների փորը կկշտացնի և ո՛չ էլ նրանց ընտանիքներին կկերակրի:
Մի խոսքով Փաշինյանի դեմ կանգնած է Գագիկ Ծառուկյանը: Փաշինյան-Ծառուկյան մենամարտը, իհարկե, չի հիշեցնում բիբլիական հայտնի պատմությունը՝ Դավիթն ընդդեմ Գողիաթի: Այնուամենայնիվ, սա սովորական մենամարտ չէ. կողմերից յուրաքանչյուրի թիկունքին կանգնած են քաղաքական խմբեր ոչ միայն ներպետական, այլև արտաքին գործոններով պայմանավորված: Սա մենամարտ է, որը որոշելու է Հայաստան երկրի արտաքին կողմնորոշումը: Իհարկե, Նիկոլը գլոբալ մասշտաբի քաղաքական գործիչ չէ և ոչ էլ քաղաքական ֆենոմեն: Նույնը կարելի է փոքր-ինչ ավելի կամ պակաս իմաստով արտահայտվել Գագիկ Ծառուկյանի հասցեին:
Ծառուկյանի պարտության դեպքում Նիկոլը ոչ թե փայլուն հաղթանակ է տոնելու, այլ փոքրիկ մի ընդհարման ավարտն է փորձելու արձանագրել, որը խաչ կքաշի Ծառուկյանի ունեցվածքի վրա և սթափեցնող ցնցուղ կլինի այլ ուժերի համար և գոնե ժամանակավորապես նրանց հեռու կպահի՝ «Նիկոլ, հեռացի՛ր» բարձրաձայնումից:
Իսկ Նիկոլի պարտության դեպքում, ոչ միայն Նիկոլի, այլև նրա քաղաքական թիմի տապանաքարը կքաշեն: Այս ամենը լավ է գիտակցում Նիկոլը և իր էությանը հավատարիմ, իմա՝ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, գործում է Ծառուկյանի դեմ՝ խտրականություն չդնելով միջոցների միջև:
Ճիշտ է, որպես քաղաքական գործիչ, Ծառուկյանը խոցելի է, բայց ոչ անչափ խոցելի: Երեսուն տարվա մեր քաղաքական կյանքում չկան ոչ խոցելի քաղաքական գործիչներ: Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով խոցելի են և այդ է պատճառը, որ շատերը կքել են Նիկոլի ռեալ պատվերներով հարուցված քրեական բեռան տակ: Նիկոլը տեսնելով, որ անկախ Հայաստանի ծառուկյանական գործունեության մեջ ակնհայտ կրիմինալ տեղեր չկան (ես կասեի՝ ոչ թե չկան, այլպարզապես նիկոլական շրջանի իրավապահները անչափ հեռու են պրոֆեսիոնալ որակներից) ձեռքը վերցրեց իր շանտաժի չունգուրը և …. բա թե, ժողովուրդ, գիտեք` 1979 թվականին Գագիկ Ծառուկյանը եկեղեցու բակում ոչ միայն անբարո արարքներ է կատարել ռուս տուրիստների հետ, այլև` նրանց թալանել է: Եվ Նիկոլը մեջ է բերում Ծառուկյան ամբաստանյալի քրեական գործով կայացրած դատարանի դատավճիռը: Աշուշտ, Նիլոը դա անում է իրեն հատուկ ձևով և ոճով, մոռանալով, որ տողերիս հեղինակը Գագիկ Ծառուկյանի այդ արարքի մասին բազմիցս է գրել: Բայց այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը անկախ Հայաստանի դատարանի դատավճռով արդարացվել է, ես այլևս լռել եմ այդ մասին: Ես Նիկոլ չեմ և հարգում եմ օրենքը: Ես Նիկոլ չեմ, այլ իրավաբան և հարգում եմ օրենքները: Նիկոլի համար օրենքն իր շահն է: Բայց այստեղ թույլ եմ տալիս Նիկոլ շանտաժիստին հարցնել.
-Դու հարգու՞մ ես դատարանի վճիռը, թե՞ ոչ:
Եթե այո, ապա բարոյական ո՞ր իրավունքով ես շարունակում ստորաբար մեղադրել մեկին, որը նախկինում անհիմն դատապարտվել է և հետագայում արդարացվել: Նիկոլ, Գագիկ Ծառուկյանը քեզ` որպես ստոր շանտաժիստի, կարող է դատի տալ, որ արդարացվելուց հետո մեղադրում ես նրան: Տողերի արանքում հարցնեմ՝ Նիկոլ, իսկ դու արդարացվե՞լ ես, մաքրվե՞լ ես քո քրեական անցյալից: Թե՞ դու քեզ արդարացրել ես՝ անվանելով քաղբանտարկյալ: Նույնիսկ այս պարագայում անհրաժեշտ է ցույց տալ արդարացման դատավճիռը: Քո արդարացման արգումենտը Ծառուկյանի դեպքում կարող է լինել այն, որ անկախ Հայաստանի դատարանի կայացրած դատավճիռը անհիմն է: Համաձայն եմ, Նիկոլ, բայց այդ բոլորը օրինական ճանապարհով:
Նիկոլ, չգիտե՞ս` ով է արդարացրել Գագիկ Ծառուկյանին: Հետսքրքիր «բան» պատմեմ այդ կապակցությամբ և այդ հետաքրքիր «բանը» ոչ թե որպես սուր սայր, օգտագործեմ քո դեմ, այլ պարզապես նշելու համար, որ քո շանտաժիստ էության համար որևէ ճշմարտություն հասու չէ, դու միջոցների միջև խտրականություն չես դնում նպատակիդ հասնելու համար, երբեմն մոռանալով, որ քո իսկ օգտագործած ստոր ձևերը կարող են գործել քո իսկ դեմ:
Նիկոլ, գիտե՞ս ով է արդարացրել Գագիկ Ծառուկյանին: Բայց ավելի լավ է մի փոքր պատմություն:
Երբ դատավոր Մհեր Խաչատրյանը (իմ երբեմնի դասախոսը, որի ոչ գիտելիքների վրա եմ կասկածել և ոչ էլ տերերին դուր գալու անհագուրդ բնազդների), հայտնի քրեական գործով դատավճիռ կայացրեց և արդարացվեց Գագիկ Ծառուկյանը, իմ կոլեգա Վարդան Մարտիրոսյանը, որը ժամանակին որպես ՀԿԳ (հատկապես կարևոր գործերով) քննիչ քննել էր գործը և ուղարկել դատարան, զանգահարեց Մհեր Խաչատրյանին, թե.
-Ա՛յ…, էն չորսին (բռնաբարությունը կատարել էին հինգ հոգով-Ս. Հ.) ինչու՞ չարդարացրիր: Ի՞նչ է, այդ օլիգարխն ընդամենը… էր բռնե՞լ։
Մհեր Խաչատրյանը ոչինչ չպատասխանելով անջատեց հեռախոսը:
Նիկոլ, գիտե՞ս ով է Մհեր Խաչատրյանը. գավառցի Գվիդոնի տղան, որը ժամանակին ՀՀ քաղաքացու իրավունք տվեց Ռոբերտ Քոչարյանին: Երբ ես հարցրի .
-Ընկեր Խաչատրյան, այդ ո՞նց հաջողացրիր Քոչարյանին դարձրիր ՀՀ քաղաքացի։
Նա ժպտալով, անգամ հպարտորեն ասաց.
-Իմ ձեռը չի՞, ոնց նպատակահարմար էր, այնպես էլ արեցի։
Նիկոլ, հիմա մի հետաքրքիր հարց տամ քեզ, Գագիկ Ծառուկյանին Մհեր Խաչատրյանը ինչու՞ արդարացրեց: Վախեցավ Գագիկ Ծառուկյանի հուժկու բազուկների՞ց: Հազիվ թե: Բա ինչու՞, ու՞մ հրամանը կատարեց: Եվ այստեղ տեղին է հարցնել, ինչու՞ Մհեր Խաչատրյանն իր կատարած ծառայությունների համար չգնահատվեց ըստ արժանվույն և մնաց ընդամնեը դատարանի անդամի կարգավիճակում:
Նիկոլ, գիտե՞ս ով է Մհեր Գվիդոնի Խաչատրյանը: Գիտեմ, որ գիտես, բայց ասեմ, որ մարդիկ քեզ է՛լ ավելի լավ ճանաչեն, որ դու սիրում ես թերթել ճշմարտության էջերը, իսկ մութ տողերն օգտագործել անազնիվ նպատակների համար: Մհեր Խաչատրյանը այսօր քեզ հլու հնազանդ ծառայող Սասուն Խաչատրյանի պապան է: Տեսնու՞մ ես, Նիկո՛լ, ստորության գծերը ժառանգական են անցնում սերնդից սերունդ: Մհեր պապան երբեք ազնվորեն չի ծառայել պետությանը և արդյուքում ունենք այն, որ դու կարողացար գալ իշխանության: Եվ այսօր քո իշխանության արդյունքում ունենք այն, որ հայրենիքին, արդարությանը դավաճանած մարդու ժառանգը շարունակում է հոր գործը: Մհեր Խաչատրյանը դավաճանել է հայրենիքին՝ ոչ ՀՀ քաղաքացուն, քաղաքական նպատակներից ելնելով, շնորհելով ՀՀ քաղաքացություն։ Դավաճանել է և արդարադատությանը…
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.1 Պարոն Փաշինյան, հրահանգիր Սասուն Խաչատրյանին հոր` Մհեր Խաչատրյանի նկատմամբ հարուցել երկու քրեական գործեր: Ճիշտ է, գործերը դատարան չեն գնա, բայց դրանով շանտաժի մեջ կպահես որդի Խաչատրյանին քեզ հետայսու ևս ծառայելու համար:
Հ. Գ.2 Նիկոլ, քանի դեռ չեն հարուցվել քրեական գործեր և Մհեր Խաչատրյանը չի ամբաստանվել ակնհայտ կեղծ դատավճիռ կայացնելու համար, հայտարարում եմ, Գագիկ Կոլյայի Ծառուկյանը չունի դատվածություն: Խորհուրդ եմ տալիս քեզ` որպես վարչապետի, այս կամ այն հարցը քննարկման առարկա դարձնելիս, յոթ չափիր, նոր մեկ կտրիր: Ախր դու վարչապետ ես, ոչ թե փողոցի ռազբորշչիկ:
Հ.Գ. 3 Հավատացած եմ` Գագիկ Ծառուկյանին կվերցնեն կալանքի: Լավ եմ ճանաչում Մնացական Մարտիրոսյանին: Պրոֆեսիոնալ է: Ծառայել է նախկիններին և …բարձրացել է: Հիմա էլ քեզ պիտի ծառայի, որ մնա: Տեսնու՞մ ես, Նիկոլ, ոչ մեկը չի ցանկանում կտրել անարդար գործելաոճի շղթան: Կյանքը շարունակվում է իր ստոր դրսևորումներով:
Հ.Գ.4 Պոլիդորին է ասել` նա ճանաչեց դատը, դեպարտամենտը և նա հարստացավ: Հետագա դարերն ապացուցել են, որ հարստանալը էական, բայց ոչ բավարար պայման է: Իմաստունի խոսքերը փոխել եմ, դարձնելով ավելի արդիական՝ նա ճանաչեց իր դատը, իր դեպարտամենտը և երկար մնաց աթոռին ու շարունակում է հարստանալ: